Այսօր: Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 67
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

11 հունիսի 2025 թվականի N 67

«ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի արևելյան տեղամասի բացահանքի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

11 հունիսի  2025 թվական                    Արթիկհամայնք, գ. Տուֆաշեն   


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի արևելյան տեղամասի բացահանքի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

 Հանրային քննարկումը սկսվեց ժամը 12:00-ին, Արթիկ համայնքի Տուֆաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:

Ներկա էին՝

Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Արկադի Գրիգորյանը, Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տաթևիկ Չարչյանը, Տուֆաշեն բնակավայրի վարչական ղեկավար Ա. Եգորյանը, ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Հովիկ Մեսրոպյանը, <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գ. Հակոբյանը, Ն. Կիրակոսյանը, Տուֆաշեն գյուղի  բնակիչներ:

Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Արկադի Գրիգորյանը:

Ելույթ ունեցան.

Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Արկադի Գրիգորյանը:

Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման նպատակը.

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ.  <<Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին>> 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2025 թվականի հունիսի  11-ին, ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի են ունենում  հանրային լսումներ:

 

«ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի արևելյան տեղամասի բացհանքի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում 4-րդ փուլը, որի շրջանակներում հանրությանն է ներկայացվում 3-րդ փուլի նախագծի լրամշակված տարբերակը:

 

Օրենքով սահմանված կարգով՝ լիազոր մարմինը իրազեկել է հանրությանը հանրային քննարկման մասին:

Շահառու բնակավայրի բնակիչները ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Հովիկ Մեսրոպյանը ներկայացրեց գործունեության օրենսդրական հիմքերը, ընթացակարգը, նշեց, որ 3 հանրային լսումների ժամանակ համայնքը տվել է իր նախնական համաձայնությունը: Ընկերությունը կազմել է նախագիծ, 2-րդ հանրային լսումից հետո ընկերությունը ստացել է տեխնիկական առաջադրանք, այժմ նախագիծն անցնում է  փորձաքննություն: Նա ներկայացրեց հանրությանը հանրային լսումների իրազեկման համար օրենքով սահմանված բոլոր գործողությունները, ներկայացրեց փորձաքննությանը ներգրավված բոլոր գերատեսչություններին՝ նշելով, որ նրանց կողմից ներկայացված բոլոր առաջարկությունները, դիտողություններն ու կարծիքները ներկայացվել են ընկերությանը՝ նախագիծը լրամշակելու նպատակով: Դրան կհաջորդի ընկերությանը տրամադրվող պետական փորձաքննական եզրակացությունը:

Նա ներկաներին ներկայացրեց քարհանքի կոորդինատները՝ 390 մետր առավելագույն երկարությամբ, 115 մ առավելագույն լայնությամբ, մշակման խորությունը 9 մետր, օգտակար հանածոյի մարվող պաշարները՝ 180524 մետր խորանարդ, արդյունահանվող պաշարները 159134 մետր խորանարդ, օտարման մակերեսը՝ 2,59 հա:

Տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքներ, բնության հուշարձաններ, հատուկ պահպանվող տարածքների հետ համընկնումներ չկան, կարմիրգրքյան բույսեր և կենդանիներ նույնպես չկան:

Ցանկացած գործունեություն իր բացասական ազդեցությունն է թողնում շրջակա միջավայրի վրա, սակայն ընկերությունը ներկայացրել է  այն բնապահպանական միջոցառումները, որոնք իրականացնելիս մեղմվելու են այդ ազդեցությունները մարդու վրա:  Փոշու արտանետումների տարածումը կանխելու համար օդի դրական ջերմաստիճանի պայմաններում պարբերաբար իրականացվելու է ջրցանում, ոչ թե 2-3-10 անգամ, այլ պարբերաբար ջրցանում: Տարածքում նախատեսվում է իրականացնել պաշտպանիչ շերտով ծառատունկ, ինչն իր հերթին կնվազեցնի  փոշու՝ տարածքում տարածմանը: Աղմուկի ազդեցությունը մեղմելու համար մշակվել է ժամանակացույց, բացառել գիշերային ժամերին մեքենաների աշխատանքը, մեքենաների շարժիչների վրա տեղադրվելու է չեզոքացուցիչ սարքեր, աշխատանքների ժամական առաջացած կենցաղային աղբը տեղափոխվելու է աղբավայր՝ համաձայնեցված Արթիկի համայնքապետարանի հետ: Ընկերությունը ներկայացրել է նաև հողային ծածկույթի մշտադիտարկումներ տարեկան մեկ անգամ, մակերևութային ջրերի մշտադիտարկումներ՝ շաբաթական մեկ անգամ, կենսաբազմազանության մշտադիտարկումներ՝ տարեկան մեկ անգամ: Ընկերությունը շրջակա միջավայրի բացասական ազդեցության կանխարգելման համար նախատեսել է 200 000 ՀՀ  դրամ նշված աշխատանքներն իրականացնելու համար: Հանքարդյունահանման աշխատանքների ավարտից հետո՝ 20 տարի հետո, ընկերությունը պարտավոր է իրականացնելու  ռեկուլտիվացիայի աշխատանքներ, որոնց համար նախատեսված է 2 մլն 126 հազ 600 ՀՀ դրամ, որից 900 000 ՀՀ դրամը՝ կենսաբանական ռեկուլտիվացիայի համար, դա նշանակում է, որ վերականգնվող տարածքում սերմերով ցանքս է նախատեսվում իրականացնել, որոնք իրենց հերթին պիտի բնորոշ լինեն տարածաշրջանին:

 

Հարցեր հնչեցին՝

1.     Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ա. Գիրգորյանը հարցրեց, արդյոք բավարար են ռեկուլտիվացիայի համար նախատեսված ֆինանսական միջոցները դրա իրականացման համար:

 

Ընկերության փորձագետը պատասխանեց, որ շատ ճիշտ հաշվարկ է արված  նախատեսված տարածքի համար: ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով նախատեսված է 1 հա-ի համար մոտ 1 մլն ՀՀ դրամ:

2.    Տուֆաշեն բնակավայրի վարչական ղեկավար Ա. Եգորյանն ասաց, որ հանք շահագործող ընկերությունը որոշակի պահի, երբ տնտեսապես ձեռնտու չէ իրենց այլևս քարի արդյունահանությունը, դադարեցնում են այն, լիցենզիայի ավարտից հետո էլ լուծարում են պայմանագրերը, սակայն պաշարները սպառված չեն, ռեկուլտիվացիայի էլ ենթակա չեն:  Ինչպիսի՞ն է նման հանքերի ճակատագիրը Հայաստանում, ով և երբ է կազմակերպելու ռեկուլտիվացիա:

Ընկերության փորձագետ Գ. Մուրադյանը պատասխանեց, որ  ՀՀ-ում նման հանքեր շատ կան, մինչև հանքի պաշարները չսպառվեն, տարածքում ռեկուլտիվացիա չի իրականացվելու: Նա ներկայացրեց նաև ռեկուլտիվացիայի գործընթացի իրականացման կարգը և ժամկետները:

3.    Ա. Եգորյանը կարծիք արտահայտեց, որ իրենց բնակավայրում և տարածաշրջանում շատ են  նման տարածքները, 20-30 տարի դրանք բաց են: Նա մտավախություն հայտնեց, որ նույն հաջողությամբ <<ԱՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ն կարող է հանդիպել քարի կոշտ շերտերի, դադարեցնի հանքանդյունահանությունը, սակայն պաշարները սպառված չեն և պետք է սպասել:

4.    Համայնքի բնակիչ Արման Գրիգորյանն  ասաց, որ նույն մարդիկ մի քանի տարի առաջ Տուֆաշենում հանքարդյունահանություն են իրականացրել, կիսատ են  թողել հանքանյութի արդյունահանությունը, այժմ ցանկանում են նոր տարածքներ վերցնել ու շահագործել: Բույսերի և կենդանիների մասին ճիշտ է մտածելը, իսկ նման միջավայրում ինչ պետք է անի համայնքի բնակիչը, ինչպես ապրի այդ տարածքում, որտեղ բոլոր կողմերից փոշու ամպեր են:

5.    Համայնքի բնակիչ Ավետիք Մովսիսյանը նշեց, որ ընկերության ներկայացուցիչները տարածքներ ունեն, որ կիաստ են թողել շահագործումը: Հիմա այս տարածքը նախկինում շահագործված է եղել, թե ոչ, եթե եղել է, ինչ չափի պաշար կա նշված  տարածքում: Նախկինում նույն մարդիկ հանդես են եկել այլ ընկերության անունով, կիսատ թողել հանքի շահագործումը,  հիմա նոր տարածքներ են ուզում վերցնել:

ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Հովիկ Մեսրոպյանն ասաց, որ նախկին հանքարդյունահանողների մասին ինքը չի կարող պատասխանել, իր հաշվետվությունը վերաբերում է կոնկրետ <<ԱՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊ ընկերության նախատեսվող գործունեությանը:

Ընկերության փորձագետ Գ. Հակոբյանն ասաց, որ Արթիկի, Տուֆաշենի, Պեմզաշենի առաջնային տուֆի պաշարներով կառուցվել է Հայաստանի գրեթե բոլոր շենքերը, ԽՍՀՄ տարիներից հետո թույլատրվել է մասնավոր ընկերություններին շահագործել հանքավայրերը, իսկ կոնկրետ այս տարածքը ժամանակին շահագործված է եղել, հանքաստիճանները կան, բայց ոչ ամբողջությամբ, տարածքի մոտ 30 տոկոսի չափով շահագործված տարածք կա: Կան ձևավորված հանքաստիճաններ:

6.   Համայնքի բնակիչ Ա. Գրիգորյանն ասաց, որ հանքերը համարվում են պետության սեփականությունը, սակայն պետությունը մարդիկ են, առանց մարդու պետություն չկա, դրա հետ մեկտեղ կա մարդկային ռեսուրսների խնդիր, քարի ռեսուրսն օգտագործվում է քաղաքներ կառուցելու համար, բայց այս տարածքում մարդիկ են ապրում, ովքեր ամեն օր իրենց վրա զգում են հանքարդյունահանության բացասական ազդեցությունները: Փոշին շնչում է համայնքի բնակիչը, բույսերն ու շրջակա միջավայրն աղտողվում են հանքի փոշուց, տարածքի ռելիեֆի վրա ձևավորվում են խորը փոսեր, որոնք վտանգավոր են բոլորի համար:

Գուրգեն Հակոբյանն ասաց, որ հանքարդյունահանման իրավունքը տրվում է, եթե հանքավայրը գտնվում է սանիտարապաշտպանիչ գոտուց այն կողմ: Բացի այդ, ՀՀ առողջապահության նախարարությունը սահմանել է աղմուկի, աղտոտվածության համար նորմեր, որոնք պիտի պահպանվեն: Սահմանված են, թե պայթյունով հանքարդյունահանության ժամանակ սանիտարապաշտպանիչ գոտին ինչ հեռավորության վրա է գտնվելու, առանց պայթյունի շահագործման դեպքում ինչ հեռավորության վրա է գտնվելու շահագործվող  հանքավայրը: Նույն կառույցը կոնկրետ այս գործի վերաբերյալ տվել է իր դրական կարծիքը: Փոշու համար ընկերությունն իրականացնելու է ջրցանում, եթե չի իրականացնում ջրցանում, ապա համայնքը, վարչական ղեկավարը, բնակիչները  չպիտի թույլատրեն նման անբարեխիղճ շահագործում:

7.    Համայնքի բնակիչ Ա. Գրիգորյանն ասաց, որ օրվա որոշ ժամերին պատուհանից միայն փոշու ամպ է երևում: Եվ ինչու պետք է համայնքն ու համայնքի բնակիչները հանքարդյունահանողի հետ ընդհարումներ ունենան, պահանջեն կատարել իրենց պարտականությունները, եթե  տեսչական մարմիններ կան, առողջապահության ոլորտի լիազոր մարմիններ կան:

Ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ կան բնապահպանության տեսչական մարմին, ում պիտի համայնքի բնակիչներն ահազանգեն: Եթե ընկերությունը չի իրականացնում այդ սանիտարապաշտպանիչ մեղմող միջոցառումները, ապա նա զրկվում է շահագործման իրավունքից:

8.   Համայնքի բնակիչ Ա. Գրիգորյանն ասաց, որ ինքը համաձայն չի եղել հանքերի շահագործմանը, թող ընկերությունն իր կաղմից բացված հանքերը թող ռեկուլտիվացնի և ապա մտածի նոր հանքատարածքներ բացելու մասին: Համայնքն այս պայմաններով չի համաձայնում հանքի շահագործման համաձայնություն  տալուն:

ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Մեսրոպյան Հովիկը հարցրեց, այդ դեպքում ինչու է համայնքը տվել նախորդ փուլերին իր նախնական համաձայնությունը:

9.   Համայնքի բնակիչ Ա. Գրիգորյանն ասաց, որ համայնքը միշտ դեմ է եղել հանքի շահագործմանը թույլտվություն տրամադրելուն:

Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տ. Չարչյանը պատասխանեց, որ համայնքն օրենքով սահմանված կարգով իրազեկել է հանրությանը հանրային լսումների անցկացման մասին: Ներկա են եղել համայնքի բնակիչներ, ովքեր դրական են վերաբերվել գործունեությանը, և եթե կոնկրետ մի քանի բնակիչ, ովքեր այսօր ներկա են, սակայն մյուս լսումներին ներկա չեն  և դեմ են արտահայտվում նախատեսվող գործունեությանը, դա չի նշանակում, որ նախորդ լսումներն ապօրինի պիտի որակավորվեն բնակիչների կողմից: Նախորդ լսումները, որոնք անցկացվել են <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի գործով, համայնքի բնակիչները կողմ են արտահայտվել հանքարդյունահանությանը՝ պայմանով, որ նոր տարածքներ չեն շահագործվելու, բացհանքերի շահագործումը շարունակելու պայմանով միայն բնակիչները տվել են իրենց համաձայնությունը:

ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Հովիկ Մեսրոպյան էլ հավելեց, որ առանց համայնքի նախնական համաձայնության ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ը չէր նշանակի հանրային լսումներ:

10.Համայնքի բնակիչ Ավետիք Մովսիսյանն ասաց, որ այդ տարածքներն արոտավայրեր են, նշվեց նաև, որ դրանք գյուղատնտեսական նպատակային նշանակության հողեր են, իսկ բնակիչների մի մասը զբաղվում է անասնապահությամբ: Առանց այն է, Տուֆաշենը շրջապատված է լքված հանքերով, շահագործվող հանքերով, կիսատ շահագործած հանքերով, թող արոտավայրերը հանքարդյունահանողները ձեռք չտան, բնակավայրի բնակիչների համար անասնապահությունն ու գյուղատնտեսությունն էլ է կարևոր ուղղություն:

Համայնքը հանրային լսումների  արդյունքում <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊ ընկերությանը չտվեց համաձայնություն հաշվետվության մեջ նշված տարածքում հանքարդյունահանություն կազմակերպելու նպատակով՝ պատճառաբանելով օդի աղտոտվածությունը, բնակավայրում գյուղատնտեսական նպատակային նշանակության տարածքների կրճատման փաստը:

     

Հանրային քննարկումն ավարտվեց 13:05-ին:  

 

 

Հանրային քննարկումը  վարեց՝

Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ՝ __________________ Ա. Գրիգորյան

 

Արձանագրեց՝

Արթիկ համայնքի ղեկավարի օգնական՝        __________________________Տ. Չարչյան

 

 

<<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի տնօրեն՝    _____________________Ն. Կիրակոսյան

 

Կից ներկայացվում է հանրային քննարկման տեսաձայնագրությունը:

Հանրային քննարկումների մասնակիցների ցանկը կցվում է արձանագրությանը:



Կից փաստաթղթեր՝
(1.53 Մբ)
(4.79 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner