Այսօր: Կիրակի, 27 Նոյեմբերի 2022թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 24
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, 5 26-04, artik.shirak@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

22 հուլիսի 2022 թվականի N 24

2022-2026թթ.. Արթիկ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի նախագծի վերաբերյալ հանրային քննարկման

Հանրային քննարկումը սկսվեց ժամը 15:00-ին:

Ներկա էին՝ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի անդամները, Արթիկ համայնքի վարչական ղեկավարները, Արթիկ համայնքի ավագանու անդամները։ Ներկաների թվում էին հասարակական կազմակերպություններ ներկայացնող անձիք, համայնքի տարբեր բնակավայրերից ժամանած քաղաքացիներ։

Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանը: Նա  իր բացման խոսքում կարևորեց Արթիկ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի տեսլականը և հավելեց, որ ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել համայնքի կարողությունները՝ բնակչության կարիքները հոգալու համար։ Նա նշեց, որ համայնքի համար տվյալ կարևորագույն փաստաթղթի  նախագծի մշակման  համար իր կողմից ստեղծվել էր աշխատանքային խումբ:Նախնական եղել են մի շարք քննարկումներ, որտեղ աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են կատարածը, արել առաջարկություններ և դիտողություններ, որոնք և ընդգրկվել են ծրագրի մեջ:

Ելույթ ունեցան. Արթիկի  համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը, նա  համառոտ ներկայացրերց 2022-2026 թթ.. Արթիկ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի նախագծի հանրային քննարկման կազմակերպման, անցկացման, ամփոփման և համայնքի ավագանուն դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված իրավահարաբերությունների  իրավական հենքը՝ այն է, Արթիկ համայնքի  08.02.2022 թվականի N 17-Ն որոշմամբ հաստատված  <<Արթիկ համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման >> կարգը:  Նա ներկաներին ասաց, որ Արթիկ համայնքի  զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Արթիկ համայնքի  սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի համաձայն` համայնքի ղեկավարը կազմում  և մինչև համայնքի զարգացման ծրագրերի նախագծելը, համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում և անցկացնում է հանրային քննարկումներ։ Հանրային քննարկումներում ստացված և ընդունված դիտողությունների և առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը տրամադրում է տեղեկատվություն համայնքի ավագանուն:

 

Հանրային քննարկման օրակարգում ընդգրկված ծրագրի նախագիծն ընդհանուր գծերով ներկայացրեց աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը և համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սևակ Պետոյանը, նրանք   ներկայացրեցին ծրագրի նախագծը ըստ բաժինների և ոլորտների՝ ֆինանսական հատկացումներով,  ելակետային և կանխատեսվող  ցուցանիշներով: Ա. Սուքիասյանը ասաց, որ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի  կազմման և կառավարման գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցության ապահովման  համար օրենքի պահանջ է  հանրային քննարկումների անցկացումը: Նա ասաց, որ համայնքի բնակիչները,  օրենքի պահանջին համապատասխան,  իրազեկվել են, համայնքի բնակիչներին փոստային ծառայության միջոցով  անհատապես ուղարկվել են հանրային քննարկման վերաբերյալ տեղեկատվություն պարունակող տեղեկատվական թերթիկներ, համայնքի բնակիչները մինչ հանրային քննարկումը և քննարկումից հետո դեռևս հնգօրյա ժամկետում կարող են իրենց  առաջարկությունն ու դիտողությունները ներկայացնել համայնքապետարան, որոնց վերլուծության հիման վրա նախագծում կկատարվեն անհրաժեշտ լրամշակումներ: Նա խնդրեց ներկաներին ակտիվ մասնակցել հանրային քննարկմանը և  հանդես գալ առաջարկություններով: 

Մասնակիցների կողմից բարձրացվեցին հարցեր.

·         Հառրճ գյուղի վարչական ղեկավար Ռ. Նազարեթյանը ասաց, որ տարածաշրջանը սպորտի, մասնավորապես վոլեյբոլի, բասկետբոլի, ծանրամարտի ուժեղ թիմեր է ունեցել, նրանք հանդես են եկել հանրապետական առաջնություններում և գրանցել բարձր ցուցանիշներ,  Հնգամյա ծրագրում սպորտի զարգացման համար  որևէ բան գրված չէ:

Համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանն ասաց, որ ըստ ոլորտների՝ աղյուսակներում մասնավորեցված էն նաև սպորտի ոլորտի համար ծրագրերը և հատկացվելիք ֆինանսական միջոցները: Համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Մակեյանն ասաց, որ սպորտի ոլորտին 50 մլն. ՀՀ դրամ է նախատեսված, այս գումարի  մեջ չի մտնում մարզական ՀՈԱԿ-ների աշխատողների համար տրվող աշխատավարձերը:  Լավ մարզիչի կողքին տեղական իշխանությունները կանգնած են,  խրախուսում  և աջակցում են նրանց: Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանն ասաց, որ աղյուսակում նշված է նաև խաղահրապարակների կառուցում, որը մասսայական սպորտի զարգացման  ձև է:

·         Համայնքի ավագանու անդամ Լ. Հաջաթյանը հարցրեց, արդյոք անտառային տարածքների պահպանությանն ուղղված  ռազմավարություն ունենք թե ոչ,

·         և հանքարդյունաբերության ձեռնարկություններին ուղղված որևէ ռազմավարություն ունենք մշակված թե ոչ:

Պատասխանող Ա. Հարությունյանն ասաց, որ Արթիկ համայնքը հարուստ է իր տուֆ քարի հանքապաշարներով, հանքարդյունահանող ձեռնարկությունները որոշակիորեն ապահովում են բնակիչների զբաղվածությունը, բացի այդ, համայնք մուտք են գործում բեռնատար մեքենաներ, որոնք համայնքում որոշակիորեն բարձրացնում են ապրանքաշրջանառությունը: Ինչ վեչրաբերում է երկրորդ հարցին,  համայնքի տարածքում այս պահին ռեկուլտիվացվում է 40 հա սպառված պաշարներով տուֆի  հանքերը:  Իսկ գործող հանքերը օրենքով նախատեսված  պետական վճարները կատարում են, որից հետո պետությունն է իրականացնելու ռեկուլտիվացիոն ծրագրերը:

Անտառների հետ կապված ծրագրերը ներկայացնելիս պետք է նշվի, որ մեծ մասը պետության պահպանության տակ են,  համապատասխան ՊՈԱԿ-ների միջոցով ծրագրեր են իրականացվում, հսկողություն է սահմանվում:

Աշխատակազմի քարտուղար Ա. Սուքիասյանը նշեց, որ կանաչապատ տարածքների ընդլայնման և խնամքի ու պահպանության համար համայնքի բյուջեից 30 մլն. ՀՀ դրամ է հատկացված:

Համայնքի զարգացման ծրագրերի բաժնի պետ Մ. Մովսիսյանն ասաց, որ այս պահին Արթիկի տարածաշրջանում հիմնվում են անտառներ, այս պահին Լետնակերտում 40 հա տարածքի վրա  հիմնվում է անտառ, ծառատունկի  մի մասը գարնանն է կատարվել, մյուսը՝ աշնանն է մեկնարկելու, ակտիվ համագործակցում ենք ՀՀՇՄ ԲԾԻԳ-ի հետ, տարածքային կառույցների հետ, նաև ԷՅԹԻՓԻ բարեգործական կազմակերպության հետ, որն այժմ ուսումնասիրում է համայնքի այն տարածքները, որտեղ հնարավոր է անտառապատ տարածքներ  ստեղծել:

·         Համայնքի ավագանու անդամ  Լ. Հաջաթյանը հարցրեց, արդյոք ՇՄԱԿ փորձաքննությամբ նախատեսված՝ բեռնատար մեքենաների հանքից դուրս գալուց լվացում իրականացվում է, և համայնքն ինչ է անում վերահսկողություն իրականացնելու համար:

·         Նա դժգոհություն հայտնեց, որ գյուղմթերք վաճառելու համար նախատեսված տարածքից վաճառողները դուրս են գալիս և իրենց առևտուրը կազմակերպում մայթերի վրա՝ անհարմարություններ պատճառելով համայնքի բնակիչներին: Այս կապակցությամբ ինչ միջոցառումներ է նախատեսում Արթիկի համայնքապետարանը փողոցային առևտրի դադարեցման համար:

Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանն առաջին հարցի մասով ասաց, որ Արթիկի համայնքապետարանը պարբերաբար կհորդորի տնտեսվարողներին՝ հանքանյութով բարձված մեքենաները հանքերից դուրս գալուց անիվների  լվացում կազմակերպելու  և տենդով հանքանյութը ծածկելու առնչությամբ, նաև ՃՈ աշխատակիցներին կտեղեկացվի տնտեսվարողների կողմից  բնապահպանական կանոններին չհետևելու դեպքում  համապատասխան միջոցներ ձեռնարկելու առնչությամբ:  

Փողոցային առևտրի կանոնակարգման համար ասենք, որ համայնքի ղեկավարը օրերս ընդունել է Արթիկ-Հոռոմ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի վերանորոգման նախագիծը  նախագծող  կազմակերպության ներկայացուցիչներին, փողոցը վերանորոգվելու է, հետևաբար՝  զգուշացվել է առևտուր կազմակերպողներին՝ վաղվանից ևեթ դադարեցնել փողոցային առևտուրը, այս գործողությունների կազմակերպման համար ներգրավված են Արթիկի համայնքապետարանի համապատասխան բաժինը, ՀՀ Ոստիկանության համապատասխան բաժնի աշխատակիցները: Մեր կողմից ձևավորած հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կկիրառի նաև վարչական տուգանքներ:

·         Համայնքի ավագանու անդամ Ա. Աստոյանը հարցրեց, գործարար միջավայի բարելավման համար համապատասխան միջավայրի ստեղծումը ի՞նչ է ենթադրում:

Պատասխանող Ա. Հարությունյանն ասաց, որ վերոնշյալ պատասխանը ենթադրում է ներդրողների ներգրավում, բիզնեսի  հիմնման համար համապատասխան օժանդակության տրամադրում, գործունեություն ծավալելու համար տարածքների տրամադրում: Համայնքի տարածքում ունենք մեծ գործարաններ, սակայն տարիներ շարունակ այդ շենքերը պարապուրդի են մատնված եղել, մենք այս հնարավորությունը պետք է օգտագործենք և  ներդրողներին  մատնանշենք այս հնարավորության մասին, տրամադրենք այդ տարածքները՝ գործունեությունը համայնքում կազմակերպելու համար:

·         Համայնքի ավագանու անդամ Ա. Տոնոյանն առաջարկեց քար արդյունահանող ընկերությունների հարկերի վճարման մոտեցումներում օրեսդրորական  փոփոխություններ կատարել, ճիշտ չէ, երբ քարն արդյունահանում է տնտեսվարողը և շահույթ ստանում, իսկ համայնքի բնակիչը շնչում է փոշին, այդ եկամտից ստանալով չնչին գումարներ: Բացի այդ առաջարկում ենք ստեղծել այլընտրանքային ճանապարհ, որ  բեռնատար մեքենաները համայնքի կենտրոնական փողոցնելով չերթևեկեն:

Համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանը պատասխանեց, որ առաջին հարցով զբաղվում է ՀՀ կառավարության կողմից լիազոր պետական կառավարման մարմինը, համայնքապետարանը հանքերի գործունեության վերահսկողության ոլորտում առանձնակի լիազորություններ չունեն, լիազորությունները  սահմանափակվում են միայն հանքի տարածքները վարձակալությամբ տրամադրելու և ՇՄԱԿ փորձաքննության գործընթացում դիտողություններ, առաջարկություններ անելով, նախագծման, լիցենզիայի տրամադրման ժամանակ դրանք հաշվի են առնվում, իսկ օրենսդրական փոփոխություններ հանքարդյունաբերական գործընթացում  իրականացնելու իրավասություններ համայնքի ավագանին չունի: Համայնքը  չի կարող կառավարությանը ասել, որ բնավճարները պետբյուջե չմտնեն, այլ համայնքային բյուջե: Բնապահպանական վճարներ է վճարում հանքարդյունահանող կազմակերպությունը պետությանը, որից ձևավորվում են այն միջոցները, որոնք ներդրվում են համայնքում ճանապարհաշինարարության, ենթակառուցվածքների վերանորոգման և այլ զարգացման ծրագրերի  համար: 200-300 համայնքի բնակիչ օրավարձով կամ ամսական աշխատավարձով աշխատում է հանքերում, մեր համայնքն ունի այս ռեսուրսը, այլ ռեսուրսներ չունենք կամ բացահայտված չեն, ուրեմն մեզ մնում է թույլատրել հանքարդյունահանող կազմակերպություններին օրենքով սահմանված կարգով կազմակերպել քարի արտադրություն և դրանով իսկ ապահովել համայնքի բնակիչների զբաղվածությունը:

·         Համայնքի ավագանի Ա. Աստոյանը կարծիք արտահայտեց, որ սոցիալական և տնտեսական հարցերին բավականաչափ անդրադարձ կա, իսկ բնապահպանական կոմպոնենտին քիչ է անդրադարձվել, բնապահպանական հարցերը նուրբ հարցեր են, դրանց պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել, համաձայն եմ, որ հանքարդյունահանողների համար  պետք չեն արհեստական դժվարություններ առաջացնել, սակայն հանքերի շրջակայքում, համայնքի մեջ կանաչապատ տարածքների ընդլայնումը մեր առաջնային խնդիրներից պետք է լինի և դրան վերաբերող հարցերը պետք է ընդգրկված լինեն հնգամյա զարգացման ծրագրում: Այս կոմպոնենտի համար համայնքային միջոցներից  պետք  է հատկացումներ կատարել:

Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ա. Պասկևիչյանը պատասխանեց, որ ԷՅԹԻՓԻ բարեգործական կազմակերպության հետ այժմ ուսումնասիրվում են համայնքի այն տարածքները, որտեղ հնարավոր է անտառապատ տարածքներ  ստեղծել: Ամենափոքր ուսումնասիրված տարածքը 3000 հա է եղել: Ծրագրի մանրամասների վերաբերյալ հետագայում կլինի առանձին անդրադարձ, իսկ համայնքի ճանապարհների եզրերին, հանգստյան գոտիներում սեզոնային ծառատունկներ պարտադիր կերպով կկազմակերպկվեն: Մեծ ծառատունկ է իրականացվում Լեռնակերտում, Սարալանջում, Նահապետավանում,  Արթիկում:

Համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանը նշեց, որ եթե կանաչապատ տարածքների ընդլայնումը, անտառաշերտերի ստեղծումը հնարավոր է դոնոր կազմակերպությունների միջոցով կազմակերպել, ապա ինչու համայնքի սուղ միջոցները ներդնել այդ խնդրի լուծման համար: Ավելի իրատեսական պետք է նայել համայնքի առաջ ծառացած բոլոր  խնդիրներին: Այսօր համայնքում առկա ամենաառաջնային խնդիրներից են մանկապարտեզների շենքերի նորոգումը, նոր մանկապարտեզների  հիմնումը, փողոցների և բակերի  բարեկարգումը, տանիքների նորոգումը, լուսավորության ընդլայնումը, հիվանդանոցի նոր շենքի կառուցումը, դպրոցների շենքային պայմանների բարելավումը: Բոլոր ոլորտներում կան մեծ խնդիրներ:   Այսօր առաջնայինը համայնքի բնակչի համար ավելի գեղեցիկ, բարեկեցիկ միջավայրի ստեղծումն է, որ նա կապվի իր համայնքին: Մեր նպատակն է Արթիկին  քաղաքային տեսք հաղորդել:

·         Համայնքի ավագանու անդամ Լ. Հաջաթյանը հարցրեց, արդյոք գյուղատնտեսության զարգացման համար Արթիկի համայնքապետարանը ունի բավարար ռեսուրսներ, համայնքի բնակիչներին գյուղոլորտի ծրագրեր մշակելիս  աջակցություն տրամադրելու համար:

Զարգացման ծրագրերի և զբոսաշրջության բաժնի պետ Մ. Մովսիսյանը պատասխանեց, որ այո, իրենց բաժինը, գյուղատնտեսության և բնապահպանության բաժինը կօգնեն համայնքի բնակիչներին   այդ հարցում:

Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանն ասաց, որ համայնքապետարանը  անհրաժեշտության դեպքում կկազմակերպի մասնագիտական խորհրդատվություն, արդեն իսկ կա համապատասխան փորձը, օրինակ՝ պարարտանյութով հողը պարարտացնելու ժամանակ բաժնի պետ Ա. Պասկևիչյանը  մասնագետների է հրավիրել՝  հողօգտագործողներին մասնագիտական խորհուրդներ տալու համար:

·         Համայնքի բնակիչ Նորիկ Մկրտչյանը հարց բարձրացրեց, արդյոք ամուսնալուծությունների, երեխաների տեսակցության հարցում համայնքապետարանը լիազորություն ունի, նաև գործազրկության հարցերով զբաղվող  աշխատողներ կա՞ն:

Համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանը պատասխանեց, որ համայնքապետարանում գործում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, իսկ գործազուրկներին աջակցելու և նրանց զբաղվածությամբ ապահովելու համար Արթիկի համայնքապետարանում աշխատում են երկու սոցաշխատողներ:

·         Համայնքի բնակիչ Վալիկո Մարտիրոսյանը հարցրեց, արդյոք Արթիկի Ս. Դավիթ 9 շենքի տանիքը և կոյուղագծերի վերանորոգումը ընդգրկված են այս ծրագրում:

Զարգացման և զբոսաշրջության բաժնի պետ Մ. Մովսիսյանը ասաց, որ 2023 թվականի ծրագրերի մեջ, այո, ներառված է:

 

Նիստը ավարտվեց համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի խոսքով: Նա շնորհակալություն հայտնեց ծրագիրը կազմող աշխատակիցներից և ներկաներից: Նա ասաց, որ հանրային քննարկումն  անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում: Համայնքի զարգացմամբ մտահոգ երիտասարդների կողմից հնչվեցին հետաքրքիր առաջարկներ և բազմաթիվ հարցեր, որոնց համապատասխան ոլորտային պատասխանատուները տվել են սպառիչ և բովանդակալից պատասխաններ։ Կարևորում եմ մասնակցային կառավարումը և ակնկալում ձեր ներգրավվածությունը հասարակական գործընթացներում ու կառավարման մեջ: Լիահույս եմ, որ համայնքի բնակիչների և տեղական իշխանությունների միջև համագործակցության ու փոխազդեցության արդյունքում հնարավոր կլինի լուծել մեր առջև ծառացած խնդիրները և հասնել համընդհանուր բարեկեցության:

 

Նիստն ավարտվեց ժամը  17:15-ին:

 

Հանրային քննարկման ուղիղ եթերի հեռարձակման հղումը՝ https://youtu.be/-XfZOpQY0pI



Կից փաստաթղթեր՝
(3.93 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner