Հանրային քննարկումը սկսվեց ժամը 11:30-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում:
|
Ներկա էին՝
Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը, համայնքի ղեկավարի խորհրդականներ Ալեքսան Աբրահամյանը, Զորհաբ Հովսեփյանը, Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տաթևիկ Չարչյանը, քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Արկադի Գրիգորյանը, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Աշոտ Պասկևիչյանը, ոլորտային պատասխանատուներ, <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գ. Հակոբյանը, Յու. Կիրակոսյանը, Ա. Կիրակոսյանը, Տուֆաշեն գյուղի բնակիչներ, այլ բնակավայրերի բնակիչներ:
Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ, Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը: Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման նպատակը. <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. <<Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին>> 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024 թվականի մայիսի 23-ին, ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի են ունենում հանրային լսումներ:
Օրակարգում՝ «ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ՀՀ Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հարավային տեղամասի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների վերաբերյալ հանրային 3 -րդ քննարկումն է:
Վ. Մակեյանը ներկայացրեց, որ հանքավայրերը 3-ն են՝ մեկ կտորը 2,5 հա տարածք է զբաղեցնում, իսկ երկու կտոր հողատարածքները՝ 3-ական հա մակերես, ընդհանուր՝ 8,5 հա, որոնք նախկինում շահագործված են եղել: <<Արմանա Հոլդինգ>> ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Կիրակոսյանը դիմել է համայնքապետարան՝ այդ հանքավայրերում տուֆի արդյունահանում կազմակերպելու նպատակով: Հանքատարածքները Տուֆաշեն գյուղից վարձակալական պայմանագրով վերցրել է Յուրիկ Կիրակոսյանը, ապա ենթավարձակալական պայմանագրով դրանք անցել են <<Արմանա Հոլդինգ>>-ին: Պայմանագրերն ուժի մեջ են մինչև 2031, իսկ մյուս երկուսը՝ 2058 թվականները:
Օրենքով սահմանված կարգով՝ Արթիկի համայնքապետարանն իրազեկել է հանրությանը հանրային քննարկման մասին: Շահառու բնակավայրի բնակիչներն ընկերության փորձագետ Գուրգեն Հակոբյանին կարող են հնչեցնել իրենց հուզող հարցերը, դիտողություններն ու առաջարկություններն ընկերության ներկայացրած ծրագրի վերաբերյալ:
Նա խնդրեց հանրային քննարկման մասնակիցներին բարձրացնել իրենց հուզող բոլոր հարցերը:
Ելույթ ունեցան
<<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փորձագետ Գուրգեն Հակոբյանը, ով ողջունեց բոլոր ներկաներին, ներկայացրեց, որ ըստ նոր օրենքի, հանրային քննարկումները դարձել են 1 փուլով ընթացող գործընթաց, որը բաղկացած է երկու հանրային քննարկումներից: Քանի որ ընկերությունը սույն գործընթացը սկսել է անցյալ տարվանից, ապա հանրային քննարկումներն անցկացվում են հին օրենքի համաձայն: Ընկերությունն ունեցել է որոշակի խնդիրներ հողատեսքերի, դրանց նպատակային նշանակության վերաբերյալ, սակայն բոլոր այդ խնդիրներին տրվել են լուծումներ: Բացի այդ, հանքավայրի երեք տեղամասերից մեկի տարածքը գտնվում էր սանիտարական գոտու մեջ: Բնապահպանական ամբողջ գործընթացը ենթադրում է, որ մարդու կենսագործունեության, բնակլիմայական պայմանների, բնապահպանական ռիսկերը նվազեցնելուն միտված ամբողջական գործընթացն իրականացվի օրենքին համահունչ: Հողատեսքերից մեկի մոտավոր կեսը կտրվել է, որպեսզի 300 մետր հեռավորությունը բնակավայրից պահվի: Գործընթացի արդյունքում որոշ շտկումներից հետո ընկերությունը ստացավ տեխնիկական առաջադրանք: Հանրային քննարկման դրական արդյունքում հանրային քննարկման 4-րդ փուլում կներկայացվի հանրությանը ամբողջական փաթեթը: Ինչպես նշվեց, գործընթացում ներգրավված են 3 տեղամասեր, տարածքները նախկինում շահագործված են եղել նույն սեփականատիրոջ կողմից, սակայն այլ ընկերության անվան ներքո: Առաջին փուլում խոսվել է սոցիալական ծրագրերից, համայնքի հետ պայմանավորվածություններն այս ուղղությամբ ուժի մեջ են: Այն սկզմունքները, որոնք ընկերությունն ի սկզբանե որդեգրել է համայնքի հետ սոցիալական և բնապահպանական ծրագրերին միանալու առնչությամբ, ուժի մեջ են: Բոլոր բնապահպանական պայմանները, որոնք օրենքով են ամրագրված, ընկերությունը կպահպանի՝ սերտ համագործակցելով համայնքի հետ:
Եթե նախագծի հետ կապված կոնկրետ հարցեր կան, այս պահի դրությամբ դրանք կարող են հնչեցվել, որոնք էլ կարող են մաս կազմել ընդհանուր բնապահպանական և նախագծային փաթեթի մեջ և կընդունվեն ընկերության կողմից: Եթե կան հարցեր, ապա թող դրանք հնչեցվեն: Ներկաների դրական եզրակացությունը և´ համայնքի համար, և´ հոլդինգի համար կարևոր է, որպեսզի դրանք ներկայացվեն համապատասխան գերատեսչություն:
Նիստը վարող Վ. Մակեյանը հորդորեց ներկաներին հնչեցնել իրենց հուզող բոլոր հարցերը:
2. <<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Յու. Կիրակոսյանն ասաց, որ ինքը նախկինում շահագործել է այդ հանքավայրերը և հնարավորության սահմաններում ամեն ինչ արել է, որպեսզի իր համագյուղացիներին կորողանա օգտակար լինի:
3. Նիստը վարող Վ. Մակեյանն ասաց, որ հանքարդյունահանությունը Տուֆաշեն գյուղում տնտեսական կարևոր խթանիչ է եղել: Կարևոր է, որ ընկերությունը պահպանի բնապահպանական նորմատիվները, սոցիալական ծրագրերը՝ ուղղված գյուղի սոցիալական խնդիրներին: Հակառակ դեպքում այս գործողությունները կբերեն հանքային իրավունքի դադարեցման:
Հարցեր հնչեցին՝
1. Համայնքի բնակիչ Լ. Հարեյանը հարցրեց՝ քանի աշխատատեղ է ստեղծվելու հանքի շահագործման ընթացքում:
Ընկերության ներկայացուցիչ Յու. Կիրակոսյանը պատասխանեց՝ 20-ից ավելի աշխատատեղ, որտեղ պիտի աշխատեն Տուֆաշեն գյուղի բնակիչներ:
2. Նիստը վարղ Վ. Մակեյանը ողջունեց ընկերության նախաձեռնությունը և որպես համայնքի ղեկավարի տեղակալ, որպես համայնքի ղեկավարի լիազոր անձ, տվեց իր դրական դրքորոշումը նախագծի վերաբերյալ:
Ընկերության ներկայացուցիչ Գ. Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ներրկաներին մասնակցության համար, իսկ համայնքին՝ դրական կարծիքի և օժանդակության համար:
Հանրային քննարկումն ավարտվեց 11:45-ին:
Հանրային քննարկումը վարեց՝
Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ՝ __________________ Վ. Մակեյան
Արձանագրեց՝
Արթիկ համայնքի ղեկավարի օգնական՝ __________________________Տ. Չարչյան
<<ԱՐՄԱՆԱ ՀՈԼԴԻՆԳ>> ՍՊԸ-ի տնօրեն՝ _____________________Ա. Կիրակոսյան
Կից ներկայացվում է հանրային քննարկման տեսաձայնագրությունը:
Հանրային քննարկումների մասնակիցների ցանկը կցվում է արձանագրությանը: