Այսօր: Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 53
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

27 մայիսի 2024 թվականի N 53

ՀՀ «Պավելտուս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Պեմզաշենի պեմզաների հանքավայրի շահագործման համար օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու և արդյունահանում կազմակերպելու նպատակով նախատեսվող գործունեության ծրագրերի շրջանակներում կատարվելիք աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ 1-ին հանրային լսումների

2024 թվականիհունիսի27-ինՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշենգյուղի վարչական  շենքումտեղիունեցավհանրայինքննարկում:

Հանրային քննարկումը սկսվեց ժամը 15:00-ին:

Ներկա էին՝  Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ, Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը, Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տաթևիկ Չարչյանը, Պեմզաշեն բնակավայրի վարչական ղեկավար` Աղաս Վարդանյանը,  Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի բնակիչներ, ՀՀ <<Պավելտուս>> ՍՊ ընկերության տնօրեն, լեռնային ինժեներ–երկրաբան` Ռոլանդ Ղոնյանը, ընկերության ներկայացուցիչ` Համլետ Ալոյանը։

Հանրային քննարկումը վարում էրՀՀ ՇՄ Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը։

Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման օրակարգը. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. <<Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին>> որոշման (որոշումը  խմբ.  28.12.23թ N 2343Ն) սահմանված կարգի համաձայն՝ 2024 թվականի հունիսի 27-ին ՀՀ Շիրակի  մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի վարչական շենքում տեղի են  ունենում ՀՀ «Պավելտուս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Պեմզաշենի պեմզաների հանքավայրի շահագործման համար օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու և արդյունահանում կազմակերպելու նպատակով նախատեսվող գործունեության ծրագրերի շրջանակներում կատարվելիք աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ 1-ին հանրային լսումները:

Հանրային իրազեկումներն օրենքով սահմանված կարգով հրապարակվել են Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայքում, Առավոտ օրաթերթի համարում, հրապարակումը փակցված է եղել Արթիկի համայնքապետարանի և Պեմզաշեն գյուղի վարչական կենտրոնում տեղադրված հայտարարությունների վահանակների վրա:

 Պավելտուս ընկերությունը դիմել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին 21/05/2024 թվականի թիվ 002/24 գրությամբ՝ համաձայն որի Պեմզաշեն գյուղի վարչական տարածքում, Արթիկ քաղաքից 5 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք գտնվող 25,5 հա մակերեսով տարածքում 1948-1949 թթ և 1953-1955 թթ ՀՍՍՀ  կառավարությանն առընթեր երկրաբանության և ընդերքի պահպանության վարչության կողմից իրականացրած երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքով  Պեմզաշենի պեմզաների հանքավայրում հաշվարկվել են  պեմզաների պաշարներ:  Հետագա տարիներին շինանյութերի արդյունաբերության  կազմակերպման միջոցով կատարվել են պեմզաների մանրախճի, ավազի և կտորներով պեմզայի արդյունահանում շահագործման բաց  և ստորգետնյա եղանակով մինչև 1962 թվականը:

Բաց հանքի 2 տեղամասերում դադարեցվել են արդյունահանումը պեմզայի շերտից վերև առկա (48-70 մ) հզորության ծածկի մակաբացումից խուսափելու, ստորգետնյա եղանակով պեմզանյութի շերտի շահագործման շարունակումն աննպատակահարմար համարելու պատճառով:

Պավելտուս ընկերությունը հանդես է եկել մտադրությունով՝  իր միջոցներով կոնսերվածված հանքավայրի համար կազմել օգտակար հանածոյի  շահագործման նախագիծ, դրան զուգահեռ իրականացնելով շահագործողական նշանակության հետախուզական աշխատանքներ՝ ճշտելով տեղամասի պաշարներն ու հանքավայրի լեռնատեխնիկական պայմանները ներկա դրությամբ՝ դրանով իսկ ստանալով արդյունահանման  իրավունք:

Նախատեսվող գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ ծրագրերի ու նախագծերի, ինչպես նաև շրջակա միջավայրի  վրա նախատեսված աշխատանքների ազդեցության գնահատման հայտի կազմման ու լիազոր մարմնին ներկայացնելու համար անհրաժեշտ է համայնքի  նախնական համաձայնությունը, ինչի համար այսօր այստեղ ներկա են Պավելտուս ընկերության տնօրեն պարոն Ղոնյանը  և  ընկերության ներկայացուցիչ պարոն Հ. Ալոյանը, համայնքի բնակիչները, Արթիկի տեղական իշխանությունների ներկայացուցիչները:

Նիստը վարող Վ. Մակեյանը ներկաներին հորդորեց բոլոր հուզող հարցերը, առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները հնչեցնել  կազմակերպված հանրային քննարկումների շրջանակներում և տեղում ստանալ դրանց պատասխանները:

Ելույթ ունեցան

1.             ՀՀ <<Պավելտուս>> ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Ղոնյանն ասաց, որ հանքավայրը երկու փուլով ուսումնասիրվել է, նախ՝ 40-ական թվականներին,  որոշում է կայացվել շահագործում իրականացնելու, Հայրենական պատերազմի տարիներին դադարեցվել է հանքի շահագործումը մինչև 47-48 թվականները: Ապա վերականգնվել և հետախուզում է իրականացվել բավականին մեծ ծավալով: Սակայն պաշարները չեն հաստատվել: Հիսունականներին կրկին ուսումնասիրություններ են կատարվել, հաստատվել են պաշարները: Արդյունքում արդյունահանվել է ոչ մեծ ծավալներով պեմզաներ, որոնք համարվել են որպես շինանյութ բարձր կարգի որակավորմամբ, դրանք համապատասխանել են այդ տարիներին գործող պետական ստանդարտներին: Հանքարդյունահանությունը դադարեցվել է մակաբացման շերտերի բարձր լինելու պատճառով: Ըստ երևույթին հանքանյութի պահանջարկի քչանալու կապակցությամբ: 1962 թվականին հանքավայրը կոնսերվացվել է: Հետագա տարիներին եղել է մասնակցություն: Տեղամասում երկու առանձին հատվածում բացվել էր երկու հանք, մոտ 200-300 իրարից զուգահեռ բաց հանքեր: Մեկի գործունեությունն ավելի շուտ է դադարեցվել, իսկ մյուսինը, երբ հասել է մակաբացման աշխատանքների գործակցի 2-ից բարձր ցուցանիշին, դադարեցվել է, ապա սկսվել է ստորգետնյա եղանակով հանույթի կազմակերպումը: Հանքապաշարը մեծ պահանջարկ չի ունեցել, այդ իսկ պատճառով հանքարդյունահանությունը դադարեցվել է:

Ընկերությունը գտնում է, որ այսօրվա դրությամբ պեմզաների պահանջարկը ավելի մեծ պետք է լինի, քանի որ այն բարձր կարգի շինանյութ է: Հանրապետությունում մի քանի պեմզաների հանքավայրեր կան: Քանի որ շինարարական ինդրուստրիան գնալով զարգանում է, լավ շինանյութ ունենալու պահանջարկը մեծանում է, անհրաժեշտ է շարունակել ուսումնասիրել   պաշարներն ու շուկան:

Ընկերությունը դիմել է երկրաբանության ազգային ֆոնդին,  որոնք տեղեկանք են ներկայացրել 6-7 միլիոնի չափով պաշարների վերաբերյալ, սակայն դրա մի մասը շահագործված է, ու թե որքանը, պահպանված վիճակագրական տվյալներ չկան: Ընկերությունը կարծում է, որ համայնքի նախնական թույլտվությունը ստանալուց հետո անհրաժեշտ կլինի չափագրել իրական վիճակը, կազմել նախագիծ, համապատասխան ժամանակակից չափորոշիչներին, լեռնատեխնիկական պայմանները խորը ուսումնասիրելով, արդի գիտության և տեխնիկայի օգտագործման միջոցով շահագործումը կազմակերպելու միջոցով նախատեսել  մոտ 100 000 տոննա արտադրողականությամբ հանքարդյունահանություն:

Առաջիկայում, նախագիծը կազմելուց հետո, այն կենթարկվի նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության, այն կներկայացվի հանրության դատին՝ մանրամասն քննարկելու համար, տեխնիկական նախագիծը և շրջակա  միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն: Ապա ընկերությունը կդիմի, որպեսզի ստանա լիցենզիա:

Հարցեր հնչեցին՝

1.     Պեմզաշեն բնակավայրի վարչական ղեկավար Ա. Վարդանյանը հարցրեց արդյոք տեղական շուկան ունի այդ ծավալի հանքանյութի իրացման հնարավորություն:

2.    Ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ տեղական շուկայում պեռլիտի ավելի էժան հումքը եղել է, իսկ պեմզան պեռլիտից մոտ 30-40%-ով ավելի թեթև է, այս հանգամանքից ելնելով կարելի է ասել, որ պեմզայից պատրաստված սալիկները կունենան իրենց արդյունավետ կիրառությունը շինարարության մեջ: Սակայն խորը ուսումնասիրությունների բացակայության պատճառով արդյունաբերության  մեջ լայն կիրառություն չի գտել: Սակայն կան ընկերություններ, որոնք պեմզայի արդյունահանության և սալիկների արտադրության պարագայում ուրախությամբ կօգտվեն այդ հումքից և շինանյութից: Ընկերությունը գտնում է, որ արտադրության համար ավանդական  մեթոդների կիրառությամբ իրենք մեծ հաջողություն չեն ունենա, այստեղ որ ստանդարտ մոտեցումներ են պետք հանքարդյունահանման գործընթացը կազմակերպելիս:  Տեղանքի առանձնահատկություններից ելնելով՝ կարելի է կոնվեյերային եղանակով  վերին ծածկը տեղափոխել մի կողմ և միջինը 10 մետրանոց հանքաշերտը շահագործման ենթարկել:  Ժամանակակից արդյունաբերության պայմաններում ծավալներն կարելի է արագ ավելացնել՝ մեծ պահանջարկի պայմաններում:

Ժամանակին Անի պեմզայի արտադրանքը մոտ 1 մլն տոննա էր կազմում տարեկան կտրվածքով:

Համայնքի բնակիչներից հարցրին, ինչ տարբերություն Անիպեմզայի և Պեմզաշենի պեմզաների միջև:

Ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ գույների տարբերությունն է: Իսկ պեմզաները  թեթև հանքանյութեր են, անգամ փայտից էլ են թեթև, փայտի խտությունը 0,8 է, իսկ պեմզայինը՝ 0,5 է:

3.    Պեմզաշեն գյուղի վարչական ղեկավար Ա. Վարդանյանը հարցրեց, արդյոք համայնքի բնակիչներն են աշխատելու հանքավայրում: Նա հայտնեց իր մտավախությունն այն հանգամանքի առնչությամբ, որ հանքավայրը շահագործվելու է ժամանակակից տեխնիկայի միջոցներով, ինչը ենթադրում է  բարձր և նեղ որակավորում ունեցող մասնագետների ներգրավում հանքարդյունահանման գործընթացում: Այս հանգամանքից ելնելով ինքը մտավախություն ունի, որ համայնքի բնակիչները ներգրավված չեն լինի հանքարդյունաբերության մեջ:

4.    Ընկերության ներկայացուցիչ Ռ. Ղոնյանը պատասխանեց, որ բաց հանքերի մշակումը մեծ մասնագիտական հմտությունների առկայություն չի ենթադրում: Եթե վարորդը աշխատել է էքսկավատրով, այլ տեխնիկա-սարքավորումներով, ապա կանվոյերներով աշխատանքը իրենք կարող են կատարել՝ որոշ նախապատրաստական միջոցառումներից հետո: Աշխատողներն էլ լինելու են Արթիկի բնակչությունը, քանի որ տեղի բնակիչները ունեն հանքարդյունահանության բնագավառում մեծ փորձ և հմտություններ:  Միայն նեղ մասնագետներ կարող են լինել երկրաբաններ, որոնց կարելի է հրավիրել: Ընկերությունը իր հաշվարկած ծավալներով արդյունահանման հասնելու  դեպքում նախատեսում է ներգրավել 70-80 աշխատողների: Աշխատանքները սեզոնային բնույթ չեն կրելու, դրանք լինելու են շուրջտարյա:

Ռ. Ղոնյանն ասաց, որ այս հանքանյութի պահանջարկը խորությամբ չի ուսումնասիրվել, ակնկալվում է, հանքանյութը մեծ պահանջարկ կունենա, որը ենթադրում է արտադրության ծավալների մեծացում:

5. Համայնքի բնակիչը մեջբերրեց, որ պեմզաների հանքերում նախկինում պարզունակ եղանակով է հանքարդյունահանություն իրականացվել:

6.Արթիկի համայնքապետարանի ներկայացուցիչ Տ. Չարչյանը հարցրեց, ինչ ազդեցություն կունենա հանքարդյունահանությունը շրջակա  միջավայր վրա:

Ռ. Ղոնյանը պատասխանեց, որ  այն ոչ մի վտանգ չի ներկայացնում, տարծքները ջրազուրկ տարածքներ են, պեմզան կոչվում է հրաբխային ապակի, բաղադրությունը, կվարցի սիլիցիումի օքսիդ է, որը որևէ բացասական ազդեցություն չունի, գազեր չի առաջացնում: Այս գործունեության բնապահպանական ռիսկերը միայն ռեկուլտիվացիան է, որ հանույթը իրականացնելուց հետո պիտի ծածկվի, սևահողերը լցվի և տարածքը օգտագործվի որպես արոտավայրեր, խոտհարքեր: Տուֆ քարի արդյունահանման ընթացքում փոշու արտանետումներ մթնոլորտ տեղի են ունենում, իսկ պեմզայի արդյունահանության ընթացքում այդ բնապահպանական ռիսկն անգամ չկա: Այսօրվա տեխնոլոգիաների օգտագործումը հնարավորություն են տալիս առանց փոշու արտանետումների իրականացնել հանքարդյունահանություն:

7. Ա. Վարդանյանը հարցրեց, արդյոք պայթյունների միջոցով է իրականացվելու հումքի արդյունահանումը:

Ռ. Ղոնյանը բացառեց, ասելով, որ  արդի տեխնիկան հնարավորություն է տալիս առանց պայթյունների իրականացնել սույն գործունեությունը:  Սակայն մակաբացման ժամանակ, եթե վերին շերտը ամուր լինի, չի բացառվում նաև նման գործողություններ:

8. Ա. Վարդանյանը նկատեց, որ հանքարդյունահանությունը կնպաստի նաև երկաթգծի շահագործմանը, ինչից կօգտվեն նաև այլ արտադրություն կազմակերպող ընկերություններ:

9. Նիստը վարող Վ. Մակեյանը հարցրեց, 25,5 հա տարածքի համար չափագրում  կատարած է արդյոք:

Ռ. Ղոնյանը պատասխանեց, որ 25,5 հա տարածքը հաշվարկված են պաշարների ուսումնասիրությունների ժամանակ: Սակայն հանքարդյունահանություն իրականացնելուց հետո ստույգ վիճակագրական տվյալներ չկան առկա պաշարների ծավալի և սահմանների մասով: Թույլտվությունը ստանալուց հետո կհրավիրվի գեոդեզիստ, կհստակեցվի առկա տվյալները և 25,5հա կարող է 1-2 հա-ի սահմաններում տատանվի:   

10. Նիստը վարող Վ. Մակեյանը հարցրեց, նախնական ուսումնասիրություններում որքան պաշար կա:

Ռ. Ղոնյանը պատասխանեց, որ ընկերությունն իր մտադրությունների մասին պատմում է համայնքին, համայնքը  լսումներից հետո տալիս է իր նախնական համաձայնությունը,  որից հետո կազմվում է աշխատանքային նախագիծ, նախագծի հիման վրա կազմվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն, ներկայացվում լիցենզիայի: Հանձնաժողովն այն ուղարկում է փորձաքննության և´ տեխնիկական նախագիծը, և´ հաշվետվությունը: Դրական փորձաքննական եզրակացություն ստանալուց հետո լիցենզիոն հանձնաժողովը տալիս է  թույլտվությունը, և ընկերությունը կազմակերպում է իր գործունեությունը:

Նիստը վարող Վ. Մակեյանը ընկերությանը մաղթեց հաջողություն՝ համարելով առաջին հանրային լսումները կայացած: Նա նշեց, որ նախնական համաձայնությունը տրվելու է Արթիկ համայնքի ավագանու կողմից՝ հիմք ընդունելով 1-ին փուլի հանրային լսումների արձանագրությունը:

Ռ. Ղոնյանն իր հերթին  շնորհակալություն հայտնեց ներկաներից, համայնքից դրական տրամադրվածության համար: Ընկերությանը դա տալիս է համարձակություն՝ իրականացնելու իր գործունեությունն ու ներդրումները:

  Հանրային քննարկումն ավարտվեց 15:30-ին  

 

Հանրային քննարկումը  վարեց՝

Արթիկ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ՝

Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ              ____________________ Վ. Մակեյան

 

Ձեռնարկող՝  ՀՀ <<Պավելտուս>>

ՍՊ ընկերության տնօրեն                                _____________________  Ռ. Ղոնյան

 

Արձանագրեց՝

Արթիկ համայնքի ղեկավարի օգնական         __________________________Տ. Չարչյան

 

 

 

Կից ներկայացվում է հանրային քննարկման տեսաձայնագրությունը:

 

Հանրային քննարկումների մասնակիցների ցանկը կցվում է արձանագրությանը:

 



Կից փաստաթղթեր՝
(9.01 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner