Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 40
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

20 հոկտեմբերի 2023 թվականի N 40

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Շիրակի մարզի Արթիկի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների 2-րդ փուլի

 Հանրային քննարկումը սկսվեց ժամը 14:00-ին:

Ներկա էին՝ Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանը,Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալներՎ. Մակեյանը, Ա. Աջամօղլյանը, քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ա. Գրիգորյանը,Արթիկի համայնքապետարանի զարգացման ծրագրերի և տուրիզմի բաժնի պետ Մ. Մովսիսյանը, համայնքապետարանի ոլորտային ներկայացուցիչներ, <<ԱրթիկԲԿ>> ՓԲԸ-իտնօրենԲ. Մարիտիրոսյանը, <<Էմ Ջի դիզայն>>ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Գ. Ավագյանը,Տ. Ավագյանը,<<ՔՎԷնախագիծ>> ՍՊԸ-իներկայացուցիչ Ա. Հարությունյանը,ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Ա. Վարդանյանը,   Արթիկ համայնքի  բնակիչներ:  

Հանրային քննարկումը վարում էրԱրթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանը: Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման նպատակը, այն է՝ ՀՀ Շիրակի մարզի Արթիկի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը, որը տեղի է ունենում  <<Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն: Նա զեկուցեց, որ  նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության: Համալիր փորձաքննություններից հետո,  ըստ ընթացակարգի,կսկսվեն շինարարական աշխատանքների նախապատրաստական և բուն շիրարարության փուլը: 

Ելույթ ունեցան

1.     ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Ա.Վարդանյանը: Նա ասաց, որ <<ՔՎԷ>> ընկերության կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել Արթիկի բժշկական կենտրոնի կառուցման նախնական գնահատման հայտը: Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի՝ նախատեսվող գործունեությունը հանդիսանում է <<Գ>> կատեգորիայի գործունեության տեսակ, սահմանված է երկու հանրային քննարկումներ: Առաջին հանրային քննարկումներն իրականացվել են, առկա է համայնքի նախնական համաձայնությունը: Այսօր վերջին՝ երկրորդ հանրային քննարկումն է: 

Նա զեկուցեց, որ փորձաքննության ընթացքում հայտը ներկայացվել է տարբեր գերատեսչություններ, տարբեր ստորաբաժանումներ, եղել են առաջարկություններ և դիտողություններ,  ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի կողմից՝ նույնպես: Համաձայն նախարարության գրության՝ դրանք ներկայացվել են նախաձեռնողին, որպեսզի իրականացվեն լրամաշակման աշխատանքներ: Լրամշակված հայտը ներկայացվել է, համապատասխանեցվել է օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին: Սակայն ինքը, որպես մասնագետ, ունի մի քանի հարցեր՝ կապված կառուցապատման մակերեսների հետ: Նա մանրամասնեց, որ քանի որ ճարտարապետահատակագծային առաջադրանքում ներկայացված են կառուցապատման ուրիշ մակերեսներ, իսկ հայտում՝ այլ մակերեսներ, ինքը կցանկանար  լսել այդ կապակցությամբ պարզաբանումներ: Համաձայն առաջադրանքի՝ 5600քմ է ընդհանուր կառուցապատման մակերեսը: 

2. Ելույթ ունեցավ <<Էմ Ջի դիզայն>> ընկերության ներկայացուցիչ Գ. Ավագյանը, ով ասաց, որ 5625 քմ է շենքի ընդհանուր կառուցապատման մակերեսը, մոտ 1100 քմ ունենք պարզագույն թաքստոց, որը ծառայելու է որպես ապաստարան:  Շենքի կառուցապատման ընդհանուր մակերեսը 2200 քմ է,  բացի այդ կա 2 կտոր հողամաս, որը կադաստրով տրամադրած է բժշկական կենտրոնին, մեկը՝ 1,5 հա մակերեսով, մյուսը՝ 1 հա մակերեսով: Վերջինիս    տեղանքը բարձրադիր գոտում է գտնվում, որտեղ էլ տեղակայվելու է արևային կայանը, իսկ դիմացի հատվածում առկա է համայնքային հող, որը դուրս է գտնվում ԲԿ-ի տարածքից, բայց այդ մասը ենթակա է բարեկարգման, որպեսզի դրա միջոցով կապ ապահովվի դեպի հիվանդանոց: Դա համայնքի հետ կազմակերպելու հարցեր են, դրանք պետք է բարեկարգվեն, որպեսզի գլխավոր հատակագիծը ճիշտ կազմվի և դեպի հիվանդանոց ազատ ելքումուտք կազմակերպվի: 

3. Ա. Վարդանյանն ասաց, որ հայտում ներկայացված տեխնիկական ցուցանիշները և ճարտարապետահատակագծային առաջադրանքներն իրար չեն համապատասխանում և այս բացատրությունները պետք է ներառվեն հայտում, որպեսզի հասկանալի լինի: Ա. Վարդանյանը  մանրամասնեց, որ կենտրոնն ունի 2585 քմ կառուցապատման մակերես, օժանդակ կառույցները՝ 275 քմ, օժանդակ կառուցապատումը՝ 4167 քմ, ճանապարհներ, անցուղիներ, ավտոկայանատեղիներ՝ 4100  քմ: Հանրագումարը չի համապատասխանում առաջադրանքին: Սրա բացատրությունը պետք է ներառվի հայտում:

<<Էմ Ջի դիզայն>> ընկերության ներկայացուցիչն ասաց, որ դա նույնպես կկազմակերպվի իրենց կողմից: 

Հնչեցին հարցեր

1.     Համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանը հարցրեց, ինչու արևային կայանը չի տեղադրվում տանիքին:

<<Էմ Ջի դիզայն>> ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ տանիքի մասում լինելու են հիմնականում սարքավորումներ, օդափոխության համակարգերը, օդատարները: 

2.    Համայնքի բնակիչ Արամ Ոսկանյանը հարցրեց, թե որքան է արևային կայանի հզորությունը:

<<Էմ Ջի դիզայն>> ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ լինելու է 400 ԿՎտ, սակայն հաշվարկը նախատեսած է 250 ԿՎտ-ի հաշվարկով արևային ենթակայան, որը բավարար է ամբողջ հիվանդանոցի ծախսերն ապահովելու համար:

 Նիստը վարող Ա. Ոսկանյանն ասաց, որ հողհատկացումները համայնքի կողմից ավարտված են, համայնքից կախված գործառույթ այս պահին չկա: 

3. Փորձագետ Ա. Վարդանյանն ասաց, որ հայտում արևային կայանի հզորությունը 151,2 ԿՎտ է:

Գ. Ավագյանը ասաց, որ նշված տվյալները կայանի հաշվարկային հզորությունն է, իսկ հիվանդանոցի ընդհանուր էլեկտրային հզորությունը 250-300 ԿՎտ է: 150 ԿՎտ-ն ապահովում է հիվանդանոցի պահանջները: Դրանով աշխատելու է նաև օդափոխության համակարգը: 

4.    Ա. Վարդանյանը խնդրեց Գ. Ավագյանին մանրամասնել բարեկարգման աշխատանքներից:

Նախագծող ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ տեղակապման նախագիծը, որպես նոր նախագիծ, այս պահին նախագծող ընկերությունը չի կարող ներառել ծրագրում: 

5.    Ա. Վարդանյանը հարցրեց, թե ինչ տարածք է եղել նախկինում հիվանդանոցի նոր շենքի տարածքը,  լքված հանքի,  թե՝ այլ կառույցի:

Համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանը պարզաբանեց, որ այն եղել է նախկինում դպրոցի տարածք: Երկրաշարժից փլուզվել է դպրոցը, քանդել են ժամանակին, իսկ հիմա մնացել է միայն հիմքերը:

Փորձագետ Ա. Վարդանյանն ասաց, որ հայտում ներկայացված է եղել տարածքը որպես նախկին հանքի տարածք, որ բուսականությունն այնտեղ բացակայում է, և  ինքը կքննարկի նախագծողների հետ և կներկայացնի իր առաջարկությունները, ապա նախագիծը կլրամշակվի նախագծողի կողմից:  

5. <<Էմ Ջի դիզայն>> ընկերության ներկայացուցիչ Գ. Ավագյանն ասաց, որ տարածքում նախատեսվում է բարեկարգման մեծածավալ աշխատանքներ, ծառատունկ  է նախատեսվում, հայտում ծառատեսակները նույնպես նշված են:

Ա. Ոսկանյանը հավելեց, որ լինելով լեռնային և բարձրլեռնային գոտում, ցանկալի կլիներ, որ կանաչապատումը ավելի լավ կազմակերպվի, շինարարությանը զուգահեռ նաև ծառատունկը կազմակերպվի: Այլ ծրագրերում եղել են նախագծային թերություններ և բացթողումներ, որոնց ուղղման համար ծրագիրը ժամանակային առումով հետ է ընկել: Հիվանդանոցի նոր շենքի կառուցման ծրագրի դեպքում ինքը չի ուզում, որ  բացթողումներ լինեն: Նախագծի վրա մանրակրկիտ աշխատանքն արդարացված է,  տեղական իշխանությունների  համար նախընտրելի է թեկուզ մի ամիս ուշացնել աշխատանքների մեկնարկը, միայն թե դրանք մեկնարկեն անթերի նախագծով: 

6. Բնապահպանության փորձագետ Ա. Վարդանյանը խնդրեց ավելի մանրամասն խոսել կառուցապատումից:<<Էմ Ջի դիզայն>> ընկերության ներկայացուցիչ Գ. Ավագյանն ասաց, որ կառուցապատման մեջ ներառված են բոլոր խնդիրները, կանաչապատման մեջ անգամ նշվել են ծառատեսակները, սալարկումը, սալահատակումը ճանապարհների ասֆալտապատումը, որոնք նույնպես ներառված են  նախագծանախահաշվային ծրագրում: Հիվանդանոցը ունենալու է երկու մուտքեր՝ գլխավոր և պոլիկլինիկայի մուտք, բարեկարգված են լինելու, ասֆալտապատված, նախադեպ է Մասիս քաղաքի հիվանդանոցը, որի շինարարական աշխատանքներն այս պահին ընթանում են:

Աշխատանքային թերությունները, որոնք առաջացել են Մասիսի հիվանդանոցի կառուցապատման ընթացքում, Արթիկի հիվանդանոցի նախագծում ներկայացված  են շտկված տարբերակով: Տարբերությունը Մասիսի կառույցից միայն նրանում է, որ   Արթիկի հիվանդանոցը ունենալու է 1000 քմ-ից ավել նկուղային հատված, որը ծառայելու է որպես պարզագույն  ապաստարան: Ապաստարանի ամբողջ ինժեներական հատվածը հարմարեցված է հիվանդանոցի պահանջներին, այսինքն ապաստարանը, ինչպես հիվանդանոցի սպասարկման մյուս հատվածները, ունենալու են օդափոխություն, օդորակում, ջեռուցում և այլն:

Նիստը վարող Ա. Ոսկանյանը հավելեց, որ Արթիկի հիվանդանոցը սպասարկելու է ոչ միայն Արթիկի տարածաշրջանը, այլև հարակից համայնքները՝ Անին, Ծաղկահովիտը: Համայնքը  կցանկանար այնպիսի միջավայր ստեղծել, որ հարևան համայնքների բնակչությանը նույնպես  պատշաճ սպասարկում կազմակերպվեր:

 7. Բնապահպանության փորձագետ Ա. Վարդանյանը հարցրեց, ինչու դիահերձարան չի նախատեսված: Նա ներկաներին իրազեկեց, որ դիահերձարան նախատեսելու դեպքում կփոխվի փորձաքննության կատեգորիան:

<<Արթիկ ԲԿ>> ՓԲԸ-ի տնօրեն Բ. Մարտիրոսյանն ասաց, որ դիահերձարանի առկայությունը բնակչությանը սպասարկող հիմնարկում այդքան էլ նպատակահարմար չէ հիվանդների հոգեբանական տեսանկյունից: Ներկայիս մասնաշենքի հարևանությամբ՝ կից կատույցում,  գործում է դիահերձարանը: Այդ մասնաշենքի առկայությունը հոգեբանական ճնշման է ենթարկում հիվանդասենյակում բուժում ստացող հիվանդին: Երբ պատուհանից երևում  է դիահերձարանի մուտքը, մահացածի հարազատների իրարանցումը, հոգեհուզական վիճակը, հիվանդասենյակում բուժում ստացող հիվանդի մոտ ոչ դրական հոգեհուզական վիճակ է առաջանում:  Այդ ծառայությունն ինչպես առանձին գործել է, այդպես էլ թող գործի նոր հիվանդանոցային շենքից հեռու գտնվելով: 

Բ. Մարտիրոսյանը նաև պարզաբանեց, որ հիվանդանոցի ներկայիս շենքում գործում է դիալիզի  առանձին բաժանմունք, որը նոր հիվանդանոցի նախագծում ներառված չէ: Իրականում դա մասնավոր ծառայություն է, որը պատկանում է <<Պրոֆ թեսթ>> լաբորատոր ախտորոշիչ ընկերությանը:  <<Արթիկի ԲԿ>>-ն վարձակալությամբ այդ ընկերությանը հիվանդանոցի մասնաշենքում տրամադրել է տարածք, որտեղ ընկերությունն իր ծառայություններն է մատուցում տարածաշրջանի դիալիզի հիվանդներին: Դիալիզի բաժանմունքը չի համարվում հիվանդանոցի կառուցվածքային միավոր:  Այն ներառել հիվանդանոցի նոր շենքում հնարավոր չէ, քանի որ չի մտնում առաղջապահության ռազմավարության մեջ, բացի այդ, շատ թանկ են սարքավորումները:

Նիստը վարող Ա. Ոսկանյանն իր մտահոգությունը հայտնեց, որ հիվանդանոցի ներկայիս շենքը նորի կառուցման դեպքում էլ չի ազատվելու: Համայնքը որոշակի նպատակներ ունի  հիվանդանոցի հին շենքի հետ կապված: Որպես համայնքի ղեկավար, ինքը  հիվանդանոցի նոր կառուցվող շենքի մոտ տարածք կառաջարկի վերոնշյալ կազմակերպությունը՝ իր գործունեությունը հիվանդանոցին մոտ  տարածք  տեղափոխելու և կազմակերպելու համար:

Բ. Մարտիրոսյանն ասաց, որ <<Պրոֆ թեսթ>> լաբորատոր ախտորոշիչ ընկերությունը մեծ ընկերություն է, և իր կարծիքով, իրենք դեմ չեն լինի համայնքի ղեկավարի առաջարկին: 

8. Բնապահպանության փորձագետ Ա. Վարդանյանն ասաց, որ համաձայն օրենքի՝ հայտում ներկայացված են միջոցառումներ, որոնք մեղմելու են կառուցապատման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցությունները, բայց եթե կլինեն դեպքեր, ապա կլինեն նաև հավելյալ այլ բնապահպանական միջոցառումներ: 

Դիտողություններ և առաջարկություններ մասնակիցների կողմից չհնչեցին: 

Բնապահպանության փորձագետ Ա. Վարդանյանն ասաց, որ եթե չկան առաջարկություններ, ապա  հանրային քննարկումն ավարտված է: Ըստ կարգի, դեռ 12 աշխատանքային օրվա ընթացքում կարելի է ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ ծրագրի նախագծի շուրջ: Նա շնորհակալություն հայտնեց  մասնակիցներին ներկայության համար: 

Նիստը վարող Ա. Ոսկանյանը նույնպես հայտնեց իր շնորհակալությունը ներկաներին: Նա փաստեց, որ բժիշկները մատուցում են բժշկական ծառայությունները 24 ժամյա ռեժիմով, սակայն ոչ պատշաճ շենքային պայմաններում: Ծրագիրը կենսական նշանակություն ունի համայնքի համար,  առաջնահերթություն է: Նա իր շնորհակալական խոսքը հայտնեց  ՀՀ Կառավարությանը, բոլոր գերատեսչություններին,  ստորաբաժանումներին և ընկերություններին ծրագրի նախագծման համար:  

Քանի որ այլ հարցեր չհնչեցին, նա փակեց նիստը: 

Հանրային քննարկումն ավարտվեց 14:15-ին:  



Կից փաստաթղթեր՝
(7.07 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner